Ժողովուրդ ջան զգոն եղեք հիվանդանոցներում…Աստված իմ այս ինչ է կատարվում…

«Հարգելի՛ մեղրաձորցիներ և հրազդանցիներ, օգտվելով «Լիկամեդ» կլինիկայից կխնդրեի զգոն լինել: Լաբորատոր հետազոտությունները կատարվել են կեղծ, գրվել է անօրինական կեղծ պատասխան` առանց արյան անալիզների հետազոտության: «Պրոֆ Մեդ» լաբորատորիայում կեղծ ստորագրություն է դրվել, որից հենց անձամբ ինքը` լաբորատորիայի վարիչը իբրև տեղյակ չի եղել: Եթե կան մարդիկ, ովքեր հետազոտվել են «Լիկամեդ»-ում, որոշակի գումարներ են ծախսել և արդյունքում սխալ ախտորոշմամբ բուժում են ստացել՝ մոտեցեք և պահանջեք ձեր գումարները, իսկ մնացած հարցերով դուք կորոշեք, թե խաբված լինելու համար ինչ պիտի անեք տվյալ մարդկանց հետ»: Դեկտեմբերի 31-ին  «Մեղրաձորից Հրազդան» ֆեյսբուքյան խմբում արված այս գրառումը որպես ահազանգ ուղարկվել է Auroranews.am-ին:

Auroranews.am-ը կապ հաստատեց գրառման հեղինակ Հասմիկ Սահակյանի հետ: Հասմիկը մեզ հետ զրույցում ասաց` գրառման հիմքում հիմնավոր փաստեր են:

«Լիկամեդ» ընտանեկան բժշկության կենտրոնում եղբայրն արյան հետազոտություն է հանձնել, պատասխանները ստացել է նկարի տեսքով` իր  WhatsApp հավելվածին: Թղթային տարբերակը ստանալու համար մոտեցել է «Պրոֆ Մեդ» լաբորատորիա, որտեղ, համաձայն հետազոտության պատասխանի, կատարվել է արյան հետազոտությունը: Պարզվել է, սակայն, որ լաբորատորիայի տվյալների բազայում չկա որևէ տվյալ այն մասին, որ նշված անձը այնտեղ արյուն է հանձնել, արյան փորձանմուշ ևս չի ստացվել: Ավելին, լաբորատորիայում պարզել են, որ տրված տեղեկանքը կեղծ է` կեղծ ստորագրությամբ և առանց կնիքի:

<

«Եղբայրս տեղում առերեսում է կազմակերպել լաբորատորիայի անձնակազմի և «Լիկամեդ» կլինիկայի բժշկի ու բուժքրոջ հետ:

 Արդյունքում՝ «Պրոֆ Մեդ»-ում պնդել են, որ իրենք եղբորս մասով հետազոտություն չեն անցկացրել, տեղեկանքը կեղծ է, իսկ «Լիկամեդ»-ում ընդունել են իրենց մեղքը: Եղբայրս «Պրոֆ Մեդ»-ի աշխատակիցներին հորդորել է կեղծ ստորագրության հիմքով իրավապահ մարմիններին դիմել, սակայն լաբորատորիայում, ըստ ամենայնի, որոշել են ընթացք չտալ։

Ավելի ուշ «Լիկամեդ» կլինիկայից զանգել են եղբորս և ասել` եկեք ձեր գումարը վերցրեք, սխալմունք է տեղի ունեցել: Հետո իմացել ենք, որ, բարձրացած աղմուկից հետո, Մեղրաձորի մի շարք այլ քաղաքացիների ևս զանգել ու կանչել են գումարները հետ ստանալու»։

Հասմիկը նաև պատմեց, որ խոսել է Լիլիա Կարապետյանի բուժքրոջ՝ Սյուզաննա Հարությունյանի հետ, ով վերցրել է արյան փորձանմուշները.

«Նա ինձ սարսափելի բաներ ասաց. պատմեց, որ վերցրել են արյան փորձանմուշները, հետո թափել ու կեղծ պատասխաններ գրել։ 

Նրանք, ստացվում է, առանց հետազոտության, նկարած արդյունքների հիման վրա մարդկանց դեղորայք են նշանակել»։

Հասմիկի հարազատներից տուժել է ոչ միայն եղբայրը, այլ նաև մայրը։ Հասմիկի պնդմամբ՝ մորը հորմոն է նշանակվել՝ կեղծ անալիզների արդյունքների հիման վրա.

«Նույն կլինիկայում մայրիկիս հորմոն են նշանակել, այն դեպքում, որ դա պիտի նեղ մասնագետը նշանակի, այլ ոչ ընտանեկան բժիշկը` այն էլ կեղծ արդյունքների հիման վրա: Եղբորս դեպքը պարզելուց հետո Երևանում կրկնեցինք թե՛  եղբորս, թե՛ մորս անալիզները։ Պատասխաններից  պարզ դարձավ, որ մայրիկիս անալիզների արդյունքները ևս չէին համապատասխանում «Լիկամեդում» հանձնած և իբր «Պրոֆ Մեդի» հետազոտած արդյունքներին։ Մայրս խոլեստերինի խնդիր ունի՝ ըստ Երևանում անցկացրած հետազոտության, բայց Լիլիա Կարապետյանը  մայրիկիս L-Тироксин հորմոն է նշանակել, այն դեպքում, երբ իր մոտ հորմոնը նորմայի սահմաններում է եղել։

Ես սարսափում եմ ու չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է մարդկային կյանքի հետ այսպես խաղալ, մարդիկ առնետներ չեն, չի՛ կարելի»:

Հասմիկը մանրամասնում է՝ բարձրացած աղմուկից հետո Լիլիա Կարապետյանը WhatsApp-ով ուղարկած լաբորատոր հետազոտությունների արդյունքները ջնջել է:

Կապվեցինք «Լիկամեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Լիլիա Կարապետյանի հետ` կատարվածի մասին մեկնաբանություն ստանալու համար.

«Այդ արարքը կատրած աշխատակիցը դեկտեմբերի 31-ին ազատվել է աշխատանքից, իրենց մնացած  հարցերը ինչպես ուզում են թող լուծեն (խմբ. ահազանգած քաղաքացիների մասին է խոսքը): Սա այն թեման չի, որ ահազանգեն: Հայաստանի Հանրապետությունում ամեն ժամը մեկ անալիզ է կեղծվում, ժամը մեկ` բոլոր կլինիկաներում: Ես չգիտեմ, թե ինչու են հիմա այս դեպքը շոու սարքել»,- մեզ հետ զրույցում պատասխանեց Կարապետյանը:

Մեր ճշգրտող հարցին` այսինքն իր համար նորմա՞լ է, որ անալիզ է կեղծվել, ասաց. «Եթե ինձ համար նորմալ լիներ, աշխատակիցը չէր պատժվի, աշխատանքից չէր ազատվի: Կարող եք գալ և հանգամանորեն ծանոթանալ ամեն ինչին»,-ասաց Կարապետյանը:

Ըստ Հասմիկի պնդման՝ բուժաշխատողը շարունակում է աշխատել «Լիկամեդ» կլինիկայում և  համագործակցել Լիլիա Կարապետյանի հետ։ 

Հարցին` վստա՞հ է, որ լաբորատոր հետազոտությունների միայն այդ դեպքն է կեղծ եղել, բացառո՞ւմ է արդյոք մյուս հետազոտությունների դեպքում արդյունքների կեղծումը, պատասխանեց. «Միանշանակ այո, բացառում եմ… ես այլ մեկնաբանություն չունեմ ավելացնելու»,- ասաց Կարապետյանն ու ընդհատեց զանգը:

Հատկանշական է, որ մեր կողմից թեմայի ուսումնասիրության ընթացքում «Մեղրաձորից Հրազդան» ֆեյսբուքյան խմբից հեռացվում է Հասմիկի գրառումը։ Հասմիկը կրկին կապ հաստատեց մեզ հետ ու նշեց, որ առանց իր գիտության, Լիլիա Կարապետյանի հորդորով, նշված ֆեյսբուքյան խմբի կառավարիչը՝ ադմինը, հեռացրել է նրա գրառումը։ Ավելին՝ Հասմիկ Սահակյանի հետ է կապվել Լիլիա Կարապետյանի բուժքույրը՝ Սյուզաննան (ով ըստ Լիլիա Կարապետյանի՝ աշխատանքից հեռացվել է) և նշել, թե իբր թեմայով զբաղվող լրատվականը՝ Auroranews.am-ը, դադարել է ուսումնասիրել գործը։ 

Մենք ստացել ենք նույն կլինիկայում իրականացված հետազոտության մեկ այլ անձի վերաբերող պատասխան ևս: Այս դեպքում խնդիրն այլ է. պարզվել է կինն արյան փորձանմուշը հանձնել է «Լիկամեդում», սակայն նույն օրը, նույն անուն-ազգանունով, նույն համայնքի բնակիչը, իբր, արյուն է հանձնել «Պրոֆ Մեդ»-ում:

Տուժած քաղաքացին պնդում է, որ գնացել է «Լիկամեդ», «Պրոֆ Մեդ»-ում հետազոտություն չի անցել:

Կապ հաստատեցինք «Պրոֆ Մեդ» ախտորոշիչ լաբորատորիայի բժիշկ Դավիթ Սևումյանի հետ, որը ստորագրում և կնքում է հետազոտության արդյունքները: Բժիշկը մեզ հետ զրույցում հաստատեց` իր ստորագրությունը կեղծվել է և տրվել կեղծ տեղեկանք.

«Տղամարդը (խմբ. Հասմիկի եղբայրը) եկել է մեզ մոտ, մեր բազայում իր տվյալները չեն գտնվել, հասկացանք, որ պատասխանները կեղծվել են: Այն պատասխաններում, որն իրեն էլեկտրոնային փոխանցել են իմ ստորագրությունը չէ: Մեր բլանկը ինչ որ կերպ կրկնօրինակել են ու տվել պատասխան, որը կլինիկորեն չի համապատասխանել պացիենտի տվյալ պահի վիճակին: Ավելին, այդ արդյունքներում կար մակարդելիության հետազոտություն, որի միջազգային հարաբերությունը չէր համապատասպանում պրոթոմբինային ինդեքսի հետ: Այսինքն այդպիսի թվեր գոյություն չունեն: Փորձել են կեղծել ու կեղծել են շատ անգրագետ»:

Ինչ վերաբերում է մյուս տուժած քաղաքացու արդյունքներին` պատմեց.

«Տուժած կնոջ տղան եկել էր մեզ մոտ, պարզվեց, որ իր մայրը ևս արյուն է հանձնել։ Կնոջից փորձանմուշ են վերցրել` փորձանոթները մեզ մոտ բերելու և հետազոտելու համար: Հատկանշական է սակայն, որ մեզ մոտ է եկել մեկն՝ ով ներկայացել է նույն անուն-ազգանունով, որից մենք մեր լաբորատորիայում նմուշառում ենք վերցրել: Մեզ արյուն չեն բերել, մեզ մոտ այդ անուն-ազգանունով ներկայացած քաղաքացի է եկել: Կինը, սակայն, պնդում է, որ ինքը մեզ մոտ չի եկել»,- հստակեցրեց բժիշկ Սևումյանը:

Մեր հարցին՝ մի՞թե հետազոտություն իրականացնելու համար այցելուից անձը հաստատող փաստաթուղթ չեն պահանջում, պատասխանեց, որ դա այնքան էլ պարտադիր չէ։

«Եթե մարդն անձնագիր չի ունենում հետ չենք ուղարկում՝ հետազոտությունն իրականացնում ենք»։

Հարցին՝ «Լիկամեդ» կլինիկայի հետ համագործակցություն եղե՞լ է, այդ կլինիկայից իրենց մոտ առհասրարակ փորձանմուշներ բերվե՞լ են, պատասխանեց.

«Այո, եղել են դեպքեր, որ բերվել են: Մենք լաբորատորիա ենք ու մեզ տարբեր կլինիկաներից  բերում են փորձանոթներ: «Լիկամեդ»-ի հետ ևս համագործակցել ենք»:

Հարցերին` պահանջե՞լ են արդյոք պարզաբանում «Լիկամեդ»-ից  և ինչո՞ւ կատարվածից հետո չեն դիմել իրավապահներին, պատասխանեց.

«Խոսակցություն եղել է նրանց հետ։ Ասել են, թե սխալմունք է եղել: Իրենց հստակ ասվել է, որ այլևս իրենց կողմից ուղարկված փորձանոթների հետազոտություն չենք իրականացնելու, իսկ իրենց ուղղեգրած քաղաքացիներից փորձանմուշ կվերցվի բացառապես ամբողջապես նույնականացումից հետո: Նաև նշել ենք, որ նման դեպքի կրկնության դեպքում  կդիմենք իրավապահ մարմիններին»:

Auroranews.am-ը կապ հաստատեց նաև Առողջապահության նախարարության հետ՝ տեղեկանալու, թե արդյո՞ք «Լիկամեդ»-ը լիցենզավորված է նախարարության կողմից։ Հարցին տրվեց դրական պատասխան։

Ինչ վերաբերում է լիցենզավորված բժշկական ծառայություն մատուցող կլինիկաներում վերահսկողության իրականացմանը՝ ԱՆ-ից հայտնեցին, որ դա գերատեսչության գործառույթը չէ։

Auroranews.am-ը հրավիրում է իրավապահ մարմինների, ինչպես նաև  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրությունը՝ ուսումնասիրություն իրականացնելու և վերահսկելու «Լիկամեդ» կլինիկայի ծավալած գործունեությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *