«Ստեփանակերտի պարետ»-ն ու իր կինը դիմել են Ադրբեջանի միգրացին ծառայությանը՝ քաղաքացիություն ստանալու համար․
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի ազգական, Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանին Ստեփանակերտի պարետ նշանակելու մասին լուրերը պաշտոնապես դեռևս չեն հաստատվել։ Բայց փաստ է, որ Գալստյանը չի շտապում գալ Հայաստան։ Վերջինիս՝ Արցախում մնալու դրդապատճառների վերաբերյալ նրա հարազատների կողմից տարբեր հիմնավորումներ են նշվում, թե՝ մնացել է, որ օգնի հաշմանդամներին դուրս բերել, նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, մնացել է, քանի որ հայրենասեր է և չի ուզում մյուս թուլակամների պես իր պապենական հողը լքել և այլն։
Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանից հետաքրքրվել են՝ իրո՞ք Գալստյանը նշանակվել է պարետ, պաշտոնապես որևէ բան իրեն հայտնի՞ է։ Պարոն Հարությունյանն ի պատասխան ասել է, որ ինքն էլ այդ մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից, չի կարող հերքել կամ հաստատել։ Ադրբեջանական մամուլում էլ, նկատենք, առ այսօր Գալստյանի՝ Ադրբեջանի կողմից նշանակման մասին որևէ բան հրապարակված չէ։ «Խոսակցությունների մակարդակում ես էլ եմ լսել, գիտեմ, որ Գալստյանն իր կնոջ հետ հիմա գտնվում է Ստեփանակերտում։ Նաև՝ դատելով ադրբեջանական կայքերում հրապարակված լուսանկարներից՝ դիմել է Ադրբեջանի միգրացիոն ծառայությանը՝ անձնագիր ստանալու համար։ Բայց այն մասին, թե պաշտոնյա է նշանակվել, թե ոչ՝ չգիտեմ։ Լուրեր են պտտվում իբրև թե բարձր աշխատավարձ ստանալու և այլնի մասին, բայց կրկնում եմ՝ դրանք մասնավոր խոսակցությունների տիրույթում են, որևէ պաշտոնական բան դեռևս հայտնի չէ»,- նշել է Հարությունյանը։
Ի դեպ, ադրբեջանական «Карабах Today»ը գրել է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի» էթնիկ հայերը դիմել են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու նպատակով, դիմորդներից յուրաքանչյուրը ցանկություն է հայտնել ապրել ղարաբաղյան ռեգիոնում և ստանալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն, օգտվել ադրբեջանական պետության քաղաքացու իրավունքներից։
«Միգրացիոն պետական ծառայության և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության աշխատակիցները շարունակում են իրենց գործունեությունը Ղարաբաղի շրջանում։ Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության կողմից իրականացվել է նաև առաջնային սոցիալ-հոգեբանական, սոցիալական և վերականգնողական ծառայությունների գնահատում»,- ասվում է տեղեկատվության մեջ, որին կից ներկայացված են Արցախում մնացած մեր հայրենակիցների հետ Ադրբեջանի իշխանությունների հանդիպումների լուսանկարներ։
Հարցին՝ այս պահին Արցախում քանի՞ մարդ կա, խոսվում էր շուրջ 500 մարդու մասին, որոնք հաշմանդամություն ունեն և չեն կարողացել դուրս գալ, Հարությունյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ այդքան մարդ կա։ Իմ ունեցած տվյալներով՝ 20 և ավելի մարդ է մնացել, միգուցե մի քիչ ավելի շատ»։
Ադրբեջանի տարբեր աղբյուրներ նշում են, որ Արցախի բնակիչ 98 էթնիկ հայ դիմել է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։