Ներկա պահին համազգային և համապետական կարևորագույն հիմնախնդիրը 100 հազարից ավելի բռնի տեղահանված արցախցիների ՀՀ-ում հանգամանորեն կշռադատված և ճիշտ տարաբնակեցման քաղաքականության իրականացումն է։ Իհարկե, լավագույն լուծումը կլիներ միջազգային անվտանգության երաշխիքներով և պետականության ու ինքնավարության պահպանումով՝ արցախցիների վերադարձը հայրենիք:
Նման լուծումը պահանջում է համազգային համախմբում, սփյուռքի ներուժի օգտագործում, հզոր բանակի ստեղծում, դիվանագիտական լուրջ աշխատանք և անվտանգության նոր համակարգի ձևավորում։ Հասկանալի է, որ մեր պետության և ազգի գոյության համար ներկա պահին կարևորագույն այս հիմնախնդիրը այսօրվա իշխանությունները չեն կարող (կամ չեն ուզում) լուծել: Մինչդեռ ՀՀ տարածքում արցախցիների բնակեցման ճիշտ տարբերակներն ընտրելը խիստ հրատապ է, պահանջում է արագ լուծում և պետք է ընթանա տարաբնակեցման համապետական քաղաքականության համատեքստում, բխի ոչ միայն պետական շահերից, այլև համազգային և առաջին հերթին Արցախի համայնքի ինքնության պահպանման շահից: Արցախցիները հստակ պետք է իմանան մոտակա ամիսներին ՀՀ-ում մշտապես բնակություն հաստատելու և աշխատանք ստանալու հեռանկարների և հնարավորությունների մասին, որտեղ և ինչպես են բնակվելու: Հակառակ դեպքում մոտակա ամիսներին խիստ հավանական է դառնալու արցախցիների զանգվածային արտագաղթը Ռուսաստան, ինչպես նաև այլ երկրներ, ինչը երբեք թույլատրել չի կարելի համայնքի պահպանման տեսանկյունից: Նույն պատճառով սխալ է նաև արցախցիների ապակենտրոնացումը և ցրված տարաբնակեցումը ՀՀ բոլոր մարզերում և քաղաքային կենտրոններում, որը ներկայումս իրականացնում են իշխանությունները: Ցրված տարաբնակեցումը բոլոր մարզերում և քաղաքային կենտրոններում ոչ միայն աստիճանաբար վերացնելու է արցախցիների ինքնությունը, ինքնատիպ մշակույթն ու բարբառը, որը մեր ազգային հոգևոր և նյութական մշակույթի արժեքավոր և ինքնատիպ բաղադրիչներից մեկն է, այլեւ դժվարություններ է ստեղծելու ապագայում՝ հարկ եղած դեպքում արցախցիներին կազմակերպված կերպով Արցախ վերադարձնելու գործընթացն իրականացնել:
Մեր կարծիքով նպատակահարմար է մոտ 100 հազարի հասնող արցախցիներին բնակեցնել մեկ մարզի սահմաններում, հնարավորինս կենտրոնացնելով աշխարհագրականորեն իրար մոտ տեղադրված բնակավայրերում: Ռազմավարական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, ազգային-ժողովրդագրական առումներով նպատակահարմար է բնակեցնել Սյունիքի մարզում: Հասկանալի է, որ ՀՀ բնակչության խիստ համակենտրոնացումը Երևանում և հարակից բնակավայրերում (ավելի քան կեսը), ազգային անվտանգության և տնտեսության ու տարաբնակեցման արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար են դարձնում արցախցիների բնակեցումը հեռավոր, համեմատաբար նոսր բնակեցված մարզերից մեկում, որը մեր կարծիքով կարող է լինել Սյունիքի մարզը:
Որոնք են բնակեցման առումով այլ մարզերի համեմատությամբ Սյունիքի մարզի հիմնական առավելություններն ու գերակայությունները․
1.Աշխարհագրական մոտիկությունը, որը նշանակում է անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում ավելի հեշտ ու արագ կերպով կարելի է կազմակերպել արցախցիների վերադարձը հայրենիք:
- Սյունիքի ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևոր դերը, հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք տրանսպորտային ուղիների խաչմերուկում գտնվելը, որտեղ բախվում են տարբեր երկրների ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերն ու հետաքրքրությունները: Այս պայմաններում Սյունիքի բնակեցման հարցերը համազգային և ազգային անվտանգության ապահովման խնդիր է դառնում:
- Սյունիքը ՀՀ տնտեսապես ամենազարգացած մարզն է, ատաջին տեղն է զբաղեցնում 1 շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի և արդյունաբերական արտադրանքի ցուցանիշներով, բնական ռեսուրսներով (հանքային, հողային, ջրային և այլն) ամենաապահովված մարզն է, միևնույն ժամանակ տնտեսապես ամենաքիչ յուրացված մարզը։ Այսինքն, բնակչության բնակեցման և աշխատանքով ապահովելու համար լավագույն պայմաններ կան։
4.Սյունիքը ՀՀ Վայոց Ձորի հետ մեկտեղ համարվում է ՀՀ ամենանոսր բնակեցված մարզը: Բնակչության միջին խտության ցուցանիշը շուրջ 4 անգամ ցածր է ՀՀ բնակչության միջին խտության ցուցանիշից: Մեծ է մարզի ժողովրդագրական տարողունակությունը: Նրա տարածքային-հողային, ջրային և էներգետիկ ռեսուրսները հնարավորություն են տալիս առանց էկոլոգիական հավասարակշռությունը խախտելու, 2022թ մարդահամարի տվյալներով 106.9 հազ. բնակչության թիվը ավելացնել առնվազն 3.5-4 անգամ:
5.Սյունիքն ու Արցախն ունեն բնա-աշխարհագրական, պատմա-մշակութային և ազգագրական բնույթի ընդհանուր գծեր և նմանություններ, որոնք նպաստավոր պայմաններ ու նախադրյալներ կստեղծեն սյունեցիների և արցախցիների համատեղ գոյակցության և ինքնությունների պահպանման համար:
Այսպիսով, Սյունիքը բնակեցնելով արցախցիներով միաժամանակ հնարավորություն ենք ունենում պահպանել արցախցիների ինքնությունը և մշակութային-ազգագրական ինքնատիպությունը, միաժամանակ զգալիորեն բարելավելու Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մարզի ժողովրդագրական իրավիճակը, որը վերջին տարիներին դարձել է ազգային անվտանգության հիմնախնդիր:
Հարկ է նշել, որ անկախության տարիներին Սյունիքի բնակչության թիվը, ինչպես և մնացած ծայրամասային սահմանամերձ և լեռնային մարզերում նվազել է առավել բարձր տեմպերով: Թեև անկախության առաջին տասնամյակում Սյունիքի բնակչության ընդհանուր թիվը, Ադրբեջանից բռնագաղթվածների հաշվին ավելացել է: Այսպես, Սյունիքի մշտական բնակչության թիվը 1990թ. եղել է 146.7 հազ., 1995թ.150.8 հազ., 2001թ մարդահամարի տվյալներով 152.7 հազ: Սակայն, հետագայում բնակչության թիվն արագորեն սկսել է նվազել, որը բնական ռեսուրսներով ապահովված, նոսր բնակչություն և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մարզի համար արդարացված չէ: Այսպես, մշտական բնակչության թիվը 2005թ.եղել է 149.7 հազ., 2011թ.(մարդահամար)
141.7 հազ., 2019թ.` 138.3 հազ, 2022թ. (մարդահամար)՝ 114,5հազ. մարդ: Ինչպես ցույց են տալիս տվյալները, մշտական բնակչության թվի նվազումը (շուրջ 27,2 հազ.մարդ, կամ 1.24 անգամ) հատկապես զգալի է եղել 2011թ. և 2022թ մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում, որը ամենաբարձր ցուցանիշն է բոլոր մարզերի մեջ, զգալիորեն գերազանցելով ՀՀ միջին ցուցանիշը (1,03 անգամ): Էլ ավելի տագնապալի են առկա բնակչության թվերը, որոնք ավելի ճշգրիտ են արտահայռում իրական ժողովրդագրական պատկերը: Բավական է նշել, որ մարզի առկա բնակչության թիվը մարդաահամարների տարիներին եղել է՝ 2001թ. 134069 մարդ, 2011թ. 119873 մարդ, 2022թ 106916 մարդ, այսինքն, 2001-2022թթ մարզի առկա բնակչության թիվը նվազել է մոտ 1,25 անգամ, որը ավելի քան երկու անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածում ՀՀ բնակչության թվի նվազման տեմպերին:
Մարզի բնակչության թվի նվազումը զանգվածային արտագաղթի և բնակչության անընդհատ նվազող բնական վերարտադրության հետևանքով մեծ չափերի է հասել հատկապես վերջին հինգ տարիներին, այսինքն, ներկա իշխանությունների օրոք: Միայն 2019-2022թթ. մշտական բնակչության թիվը նվազել է 23.8 հազ.-ով, որն այլ մարզերի համեմատությամբ բավականին մեծ թիվ է: Այլ կերպ ասած՝ մարզի սահմաններից դուրս է եկել յուրաքանչյուր 5-րդ բնակիչը: Հետխորհրդային տարիներին Սյունիքի մարզի բնակչության բնական աճի ցուցանիշները դրական փոքր արժեք ունեն, և չեն լրացնում բնակչության այն կորուստները, որն առաջանում է բնակչության միգրացիայի բացասական մնացորդի հետևանքով: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս բնակչության սեռատարիքային կառուցվածքի, և դրա տեղաշարժերի վերլուծությունը մոտակա տասնամյակում ինչպես ՀՀ սահմանամերձ և լեռնային այլ մարզերում, Սյունիքում սպասվում է բնակչության բացասական բնական աճ:
Հետխորհրդային տարիներին նվազել է թե´ քաղաքային և թե´ գյուղական բնակչության թվաքանակը, ընդ որում, քաղաքային բնակչության թվի նվազումը բացարձակ և հարաբերական ցուցանիշներով ավելի մեծ չափերով է եղել, որի արդյունքում մի փոքր նվազել է նաև մարզի ուրբանիզացման մակարդակը, 1990թ՝. 68.6%, 2001թ՝68.2%, իսկ 2022թ՝67,3%: Չնայած դրան, Սյունիքի մարզը շարունակում է մնալ ՀՀ ամենաքաղաքաբնակ մարզը: Այսպես․ քաղաքային բնակչության թիվը 1990թ. եղել է 100.7 հազ, 2001թ.104.1 հազ., 2011թ.95.2հազ, իսկ 2022թ.
77.0 հազ.: Նույն ժամանակահատվածում գյուղական բնակչության թիվը եղել է համապատասխանաբար` 46.0 հազ., 48.6 հազ. 46.6 հազ և 37.5հազ.: 2011-2022թթ քաղաքային բնակչության թիվը նվազել է 18.2 հազ-ով կամ 23,6%-ով, իսկ գյուղական բնակչությունը՝ 9.1 հազ-ով կամ 24,3%-ով:
Մարզի բնակչության, հատկապես գյուղական բնակչության արտահոսքի աճի վերջին տարիներին նկատվող միտումները կապված են 2020 թ. պատերազմի հետևանքով տեղի ունեցած տարածքային զիջումների և սահմանային փոփոխությունների հետ և դրա հետ կապված բնակչության մոտ վախի և կյանքի անվտանգության ապահովման զգացումների հետ: Արտագաղթի հետևանքով ուրբանիզացման բարձր մակարդակ ունեցող և նոսր բնակեցված Սյունիքի մարզի գյուղական բնակչության բացարձակ թվի նվազումը սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական առումով լուրջ մարտահրավեր է ոչ միայն մարզի, այլ նաև երկրի համար:
Ինչպես ՀՀ այլ մարզերում, Սյունիքի մարզում ևս խորհրդային տարիների համեմատությամբ ավելի քան երկու անգամ նվազել են ծնելիության ցուցանիշները բացարձակ և հարաբերական թվերով: Հետխորհրդային տարիներին մարզի բնակչության ծնելիության և բնական աճի ցուցանիշները ցածր են եղել ՀՀ միջին ցուցանիշներից, իսկ մահացության ցուցանիշները եղել են գրեթե նույնը: Վերջին տարիներին ծնելիության գործակիցը էլ ավելի է նվազել և ունեցել է անկախության տարիներին գրանցված նվազագույն ցուցանիշը: Այսպես, վերջին հինգ տարիներին2017-2021թթ., Սյունիքի բնակչության ծնելիության գործակցի միջին ցուցանիշը եղել է ընդամենը՝10.0‰ (ՀՀ
12.4‰), մահացությանը10,1‰ (ՀՀ
10.1‰), բնական աճը-0,1‰ (ՀՀ
2,3‰):
Սյունիքի տարածքում արցախցիների բնակեցման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նրանց նախկին բնակավայրերի բնական պայմանները, մեծությունը, գործառույթները, տարաբնակեցման բնույթը, բնակչության հոգեբանական վիճակը և այլ գործոններ: Այսպես, անհրաժեշտ է բացառել Ադրբեջանի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերում և գոտիներում արցախցիների բնակեցումը: Ստեփանակերտցիների և այլ քաղաքների բնակչությունը նպատակահարմար է բնակեցնել քաղաքային կենտրոններում, Արցախի հարթավայրային մասի գյուղերի բնակչության բնակեցումը իրականացնել Գորիսի և Սիսիանի ենթաշրջանների հարթավայրային տարածքներում, իսկ լեռնային մասի գյուղերի բնակչության բնակեցումը Կապանի և Մեղրու ենթաշրջանների լեռնային տարածքներում:
Կարևոր է նշել, որ Սյունիքի մարզի քաղաքային կենտրոններում և գյուղական վայրերում բնակարանների և հողի գները 3-4 անգամ ցածր են Երևանի և հարակից բնակավայրերի գներից: Բնակարանների գները համեմատաբար բարձր են Կապան և Գորիս քաղաքներում (1քառ.մ՝500-600դոլ), այն համեմատաբար ցածր է Սիսիանում՝350-450 դոլար, Մեղրիում՝ 300-350 դոլար: Այլ մարզերի համեմատությամբ բնակարանների և հողի գները զգալիորեն ցածր են գյուղական վայրերում:
Քանի որ Արցախի բնակչության կեսից ավելին բնակվում էր Ստեփանակերտում, ապա իրական է թվում ստեփանակերտցիներին բնակեցնել մեկ բնակավայրում, և դրա հիման վրա ստեղծել 50- 60 հազարանոց քաղաքային կենտրոն, որը ապագայում կարող է դառնալ Սյունիքի տնտեսական և կրթամշակութային գլխավոր կենտրոնը: Մեր կարծիքով, Կապանի և Գորիսի սահմանամերձ աշխարհագրական դիրքերը և տարածքային սուղ հնարավորությունները խիստ սահմանափակում են նշված քաղաքների հետագա զարգացումը: Մինչդեռ, Սիսիանի բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքային և ջրային ռեսուրսներով ապահովվածությունն ու հնարավորությունները նախադրյալներ են ստեղծում ներկայիս 14 հազ․ բնակչությամբ քաղաքը մի քանի անգամ մեծացնել:
Սիսիանի հարևանությամբ ստեփանակերտցիների և այլ քաղաքաբնակ արցախցիների բնակեցմամբ 45-50 հազ. բնակչությամբ քաղաքային նոր խոշոր կենտրոնի ստեղծումը, մուլտիպլիկատորի դեր կխաղա Սյունիքի բնակեցման և սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Այն կունենա նաև ինքնուրույն համայնքի կարգավիճակ: Քաղաքի տնտեսական բազան ու քաղաքաստեղծ հիմքը կարող են լինել նորագույն տեխնոլոգիաների, գիտատար և աշխատատար արտադրությունների ստեղծումը, ինչպես նաև մարզի բնական ռեսուրսների և գյուղատնտեսական հումքի վերամշակման վրա հիմնված ճյուղերը: Նոր քաղաքում կվերագործարկվեն Արցախի պետական համալսարանը, Ստեփանակերտի մնացած գիտական, մշակութային, կրթական և առողջապահական հիմնարկները, կստեղծվեն մարզային նշանակության այլ հիմնարկներ և կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ:
Նշված քաղաքի բնակարանային շինարարությունը (մոտ 10 հազ ընտանիքների համար) և անհրաժեշտ քաղաքային ենթակառուցվածքների ստեղծումը պահանջում է 1մլրդ դոլարից ավելի ներդրում: Բացի այդ, 400-500 քաղաքաբնակ արցախյան ընտանիքներ կարելի է բնակեցնել Կապան, Գորիս և Մեղրի քաղաքներում՝ օգտագործելով նաև առկա բնակելի ֆոնդը: Գյուղաբնակ արցախցիների բնակեցման համար գյուղական վայրերում բնակարանաշինության իրականացման համար պահանջվում է ևս մի քանի հարյուր մլն դոլար ներդրում: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել «Արցախ» հիմնադրամ, որտեղ կհավաքվեն ՀՀ պետական և մասնավոր, սփյուռքի, միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների պետական և մասնավոր կազմակերպություններից ստացած գումարները:
Գյուղաբնակ արցախցիների (22-25 հազ) բնակեցման համար առանձնացրել ենք մի քանի գյուղական շրջաններ, դրանք հիմնականում լքված կամ մասնակիորեն բնակեցված գյուղերն են և գյուղական բնակավայրերի խմբերը, որոնք բնական և տնտեսական պայմաններով մոտ են Արցախի լեռնային տարածքի պայմաններին: Դրանցից են Կապան և Քաջարան քաղաքների միջև գտնվող բնակավայրերը ու դրանց խմբերը, որոնք գտնվում են Ողջիի վտակ Գեղի գետահովտի լանջերին և դրանց հարակից վայրերում: Դրանց մեծ մասը նախկինում մտնում էին Գեղի համայնքի, իսկ ներկայումս Քաջարան համայնքի մեջ: Գեղիի հովտի 11 գյուղական բնակավայրերի, ինչպես նաև դրանց հարակից՝ Ձագիկավան, Վերին Գիրաթաղ և Ներքին Գիրաթաղ գյուղերի ավելի քան 300 քառ.կմ տարածքում 2022թ. բնակվում էր ընդամենը 362 մարդ, ընդ որում, բնակավայրերից 7-ը անմարդաբնակ են։ Հարկ է նշել, որ խորհրդային տարիներին հիմնականում ադրբեջանաբնակ նշված գյուղերի բնակչության թիվը հասել է մինչև 3,0-3.5 հազարի: Ջրային և անտառային ռեսուրսներով ու ընդարձակ արոտավայրերով ապահովված նշված տարածքում կարելի է բնակեցնել 9-10 հազ արցախցի: Այդ նպատակով անհրաժեշտ է մոտ 2 հազ. ընտանիքներին ապահովել բնակարանային ֆոնդով: Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն նշված գյուղերում կառուցել նոր թաղամասեր, այլև բարեկարգել գյուղերում առկա բնակելի ֆոնդի մի մասը, ինչպես նաև բարեկարգել առկա ճանապարհները և կառուցել բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ օբյեկտներ: Բնակչության զբաղվածության հիմնական ուղղությունները կարող են լինել խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, մեղվաբուծությունը, հացահատիկյի մշակությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը, ջերմոցային տնտեսությունը, Կապան և Քաջարան քաղաքների բնակչության կարճատև հանգստի կազմակերպումը: Նշված տարածքի բոլոր բնակավայրերը անհրաժեշտ է միավորել մեկ առանձին համայնքի մեջ՝ Գեղի կենտրոնով:
Չոր մերձարևադարձային գոտու գյուղական բնակավայրերից բռնագաղթած արցախցիներին ցանկալի է բնակեցնել Մեղրու ենթաշրջանի երկու գյուղական տարածքներում: Առաջինը ընդգրկում է ներկայիս Վարդանիձորի, Լեհվազի, Թղկուտի և Այգեձորի գյուղական բնակավարերի խումբը՝ 130 քառ.կմ տարածքով և 732 բնակչով: Հարկ է նշել, որ խորհրդային տարիներին նշված տարածքում ապրում էր 2,5-3 անգամ ավելի բնակիչ: Երկրորդ գյուղական տարածքը ընդգրկում է Նռնաձոր, Շվանիձոր և Ալվանք գյուղական բնակավայրերի խումբը՝ 255 քառ.կմ տարածքով և 597 բնակչով: Մինչդեռ 1970-ական թվականներին, նշված գյուղական բնակավայրերում ապրում էր ավելի քան 3 հազար մարդ: Երկու գյուղական տարածքներում անհրաժեշտ է ստեղծել երկու նոր համայնք Վարդանիձոր և Շվանիձոր կենտրոններով:
Մեղրու ենթաշրջանի երկու խիստ նոսր բնակեցված, սակայն տարածքային, հողային և ջրային ռեսուրսներով ապահովված գյուղական տարածքների բնակեցումը ՀՀ-ի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ առաջինը տեղադրված է Իրան-Հայաստան ավտոմայրուղու երկայնքով, իսկ երկրորդը՝ Արաքս գետի երկայքով, Իրանի հետ անմիջապես սահմանամերձ գոտում: Առաջինում կարելի է բնակեցնել մոտ 280-300 գյուղաբնակ արցախյան ընտանիք (մոտ 1200-1500բն), իսկ երկրորդում՝ մոտ 380-400 ընտանիք (1800-2000բն): Բնակեցման համար անհրաժեշտ է ոչ միայն կառուցել բնակելի նոր տներ, այլև բարեկարգել առկա բնակելի ֆոնդն ու սոցիալական և արտադրական ենթակառուցվածքները: Եթե առաջինում գյուղատնտեսության հիմնական ուղղությունները կլինեն խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, մեղվաբուծությունը, բանջարաբուծությունը, այգեգործությունը և հացահատիկի մշակությունը, ապա երկրորդի համար կարևոր նշանակություն ունի մերձարևադարձային պտղաբուծությունը (նուռ, թուզ, սերկևիլ և այլն), ինչպես նաև խաղողագործությունը և բանջարաբուծությունը: Երկու գյուղական տարածքներում զարգացման մեծ հեռանկար կարող է ունենալ նաև ջերմոցային տնտեսությունը և պահածոների արտադրությունը: Նշված և գյուղաբնակ արցախցիներով բնակեցված այլ տարածքներում անհրաժեշտ է կառավարության կողմից իրականացնել գյուղատնտեսության զարգացման տարբեր ծրագրեր, արտոնյալ պայմաններով ընդգրկելով արցախցիներին:
Արցախի բարձրադիր գոտիների գյուղերից բռնագաղթվածներին ցանկալի է բնակեցնել, Սիսիանի 1800-2000մ բարձրության գոտիներում գտնվող Դաստակերտ, Նժդեհ, Ցղունի և Տորունիք բնակավայրերի խմբում: Նշված բնակավայրերը կարելի է միավորել մեկ համայնքի մեջ Դաստակերտ կենտրոնով: Միմյանց մոտ գտնվող նշված բնակավայրերը կարելի է միավորել մեկ համայնքում՝ մոտ 120-130 քառ կմ տարածքով, որտեղ ներկայումս բնակվում են՝ 381 մարդ, մինչդեռ խորհրդային տարբեր ժամանակահատվածներում նշված բնակավայրերի խմբում ապրում էր 3 հազ-ից ավելի բնակչություն: Նշված բնակավայրերում կարելի է բնակեցնել մոտ 400 արցախցի ընտանիք (շուրջ 1800-2000բն), որոնց գործունեության հիմնական ուղղությունները կլինեն խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, հացահատիկային տնտեսությունը: Դաստակերտում կարելի է ստեղծել անասնապահական մթերքների՝ միս, կաթ, բուրդ, վերամշակման արտադրություններ: Բնակեցման համար անհրաժեշտ է բարեկարգել և օգտագործել առկա բնակելի ֆոնդը, ինչպես նաև կառուցել նոր բնակելի տներ ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Անհրաժեշտ է նշել, որ տարածքը ապահովված է հողային և ջրային ռեսուրսներով: Հեռանկարում Հյուսիս-Հարավ մայրուղու գործարկմամբ նշված համայնքի բնակավայրերը էապես կմոտենան Գեղու հովտի՝ արցախցիներով բնակեցված բնակավյայրերի խմբին: