Հունվարի 27-ին լրացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85- ամյակը: Այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձներով հանդես եկան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ավինյանն անգամ այցելեց կոմպոզիտորին: Համացանցում Մանսուրյանի մերձիշխանական կեցվածքը վրդովմունքի առիթ տվեց:
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Մանսուրյանի ծննդյան հոբելյանին ու նրա կեցվածքին նշեց, որ աշխարհահռչակ ռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան շատ ավելի հայ է, քան որոշ հայ մտավորականներ, օրինակ` Տիգրան Մանսուրյանը, որն անհաղորդ է, անտարբեր և ըստ Զոհրաբյանի` բոլոր իշխանություններին քծնող.
«Իրենք մի «ատմասկա» ունեն. ասում են` մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք ձեր քաղաքականությանը: Նրանք փորձում են իրենց արդարացնել այս աղետալի իրավիճակում, որովհետև ունեն տոտալ հանդուրժողականություն: Նմանները մորթապաշտ են, իրենց ձևակերպումներն ու արդարացումները` նույնպես: Փորձում են Պանթեոնում իրենց 2-ը 3-ի վրա տեղը ապահովագրել: Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ Մանսուրյանը օրգաստիկ հրճվանքով գրկախառնվել է Նիկոլ Փաշինյանին: Ինչպե՞ս կարող է նման տաղանդի տեր մարդը գրկել որևէ իշխանավորի: Ի դեպ, նա այն տեսակն է, որ կարող է գրկել թե Լևոն Տեր-Պետրոսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին և թե Սերժ Սարգսյանին: Իր համար ոչ մի տարբերություն, ուղղակի հիմա Նիկոլն է, Նիկոլին է գրկախառնվում, եթե մի քիչ էլ երկար ապրի, կփաթաթվի հաջորդ ղեկավարին, ոչ մի խնդիր չկա իր համար: Այդ տեսակն իրականում ամենավտանգավոր տեսակն է: Նմաններն իրենց մորթին փրկելու, Պանթեոնում իրենց տեղն ապահովելու համար օգտագործում են ամենանողկալի, ամենաէժան և ամենաանբարո ձևակերպումը. թե մենք չկանք քաղաքականության մեջ:
Թե Մանսուրյանը, թե Արտավազդ Փելեզյանը և թե Հովհաննես Չեքիջյանը տարիքն առած մարդիկ են, սակայն իրենց տեղավորել են «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» պահպանակի մեջ և փորձում են արդարացնել իրենց գոյությունը: Ես ամոթ եմ ապրում անգամ, որ սրանք հայ են: Էմիր Կուստուրիցան հայ ժողովրդի համար ավելի շատ բան է արել, քան այս մարդիկ։ Երբ Բոսնիա Հերցեգովինայից մի վիժվածք պատգամավոր` Միլիցա Մարկովիչ անունով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բերեց մի խայտառակ հակահայ բանաձեւ, որպես իր հայրենակցի քայլը դատապարտող արարք, Կուստուրիցան, իր բանուգործը թողած, պայքարի էր դուրս եկել, որ հանկարծ այդ բանաձեւը կյանքի չկոչվի: Նա, չլինելով հայ, իր ձայնն էր բարձրացնում ողջ աշխարհի համար, իսկ սրանք, լինելով հայ, տեսնելով, թե ինչպես են իրենց հայրենակիցները բացահայտ մորթվում, խոշտանգվում, տեղահանվում, լռում են ու լռելու մասին գրքեր գրում: Ի՞նչ է Կուստուրիցան քաղաքական գործի՞չ էր, որ մեզ հետ հավասար կռիվ էր տալիս մեր համար, այն դեպքում, երբ այդ մարդուն հայկական օրակարգն ամենաքիչը պետք է հետաքրքրեր:
Երբ մենք Կուստուրիցային դիմեցինք, նա մեզ չասաց` դե գիտեք ինչ ես քաղաքական գործիչ չեմ: Ամիսներ առաջ հանձնվեց Արցախը, իսկ դրանից առաջ մարդիկ սովամահ էին լինում այնտեղ: Եթե Մանսուրյանի, Փելեշյանի և Չեքիջյանի նման մարդիկ խոսեին արցախահայության մասին, ողջ աշխարհում այն արձագանք կգտներ: Չեմ ասում` քննադատեին Նիկոլին, ինչից սարսափում են իրենք, ինչպես սարսափում էին` քննադատել նախկին իշխանություններին և նույն ձևով քծնում էին նաև նրանց: Այդ մարդիկ գոնե կարող էին մեկ բառ արտաբերել Արցախի մասին, սակայն ոչ մի խոսք: Ես իրականում խղճում եմ Մանսուրյանին, որովհետև այն վաստակն ու մշակութային ժառանգությունը, որ նա է թողել, այդ վաստակի վրա միայն այս վերջին օրերին էլ մարդ չմնաց, որ չթքի: Եթե ինքը կարողանալու է այդ խարանի ու թքի տակ ապրել, ուրեմն թող ապրեն: Ավելի ցածր կալիբրի մարդկանց մասին, օրինակ` Ռոբերտ Ամիրխանյանի, չեմ խոսում: Ես խոսում եմ միայն երեք մեծ ավանդ ունեցող մարդկանց մասին, որոնք կարող էին մեծ աղմուկ բարձրացնել, երբ Ադրբեջանը կիրառում էր սպիտակ ֆոսֆոր, երբ բռնաբարում և մաշկահան էր անում հայ կանանց, այդ թվում` զինվորական կանանց: Նրանք կարող էին մեծ աղմուկ բարձրացնել, երբ 120 հազար արցախցի 10 ամիս շարունակ սովամահ է եղել: Այսօր ժողովուրդը թքում է այս մարդկանց վրա: Նրանք ստանում են իրենց արժանի գնահատականը: Էլ թե Պանթեոնում 2-ը 3-ի վրա տեղի կռվում կհաջողեն, կամ չեն հաջողի, դա անհետաքրքիր է», – ասում է Զոհրաբյանը:
Իսկ ինչի՞ց են վախենում նրանք, մի՞թե նման արվեստագետներին սազական է այդ վախկոտությունը.
«Մտածող մարդը չի կարող վախկոտ լինել: Փիլիսոփա-պատմաբան Իբն Խալդուն ասել է. «Եթե ես ընտրեի, թե ում հեռացնել այս կյանքից՝ ստրուկներին, թե բռնակալներին, ես, իհարկե, կընտրեի հեռացնել ստրուկներին: Ես նույնիսկ չէի կասկածի, որովհետև ստրուկներն իրենք են բռնակալներ ստեղծում։ Եթե չկան ստրուկներ, ուրեմն չկան բռնակալներ։ Ստրուկները երկիր չեն կառուցում, նրանք բռնակալներ են աճացնում»: Այո, ստրուկներն են ստեղծում այս միջավայրը: Այդ մարդիկ բոլորից վախենում են. Նիկոլից վախենում են, Սերժ Սարգսյանից վախենում էին, Քոչարյանից վախենում էին, վախենում և քծնում…. Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իրենց արվեստի վրա քար քաշել, ոչ, պարզապես դա նրանց վախկոտ տեսակն: Իրենք այդպիսին են և ես որպես քաղաքացի շատ բավարարված եմ ինձ զգում, երբ տեսնում եմ, թե հասարակությունն ինչպես է գնահատում այդ մարդկանց ստորաքարշությունը, «քաղաքականությամբ չզբաղվելը»:
Իսկ Հայաստանում նման արվեստագետների խոսքն ի՞նչ ազդեցություն կունենա.
«Մեծ ազդեցություն կարող էր ունենալ: Մեր հանրությունը տոտալ մոլորության մեջ է: Մեզ համար չկան կողմնորոշիչ ուժեր: Մարդիկ չգիտեն` ում խոսքին հավատան: Եթե այս մարդիկ իրենց այսպես չվարկաբեկեին, նրանց խոսքն այսօր անհրաժեշտ կլիներ բոլորին: Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք սողում Բելլա Քոչարյանի և Ռիտա Սարգսյանի ոտքերի առաջ, որն ի դեպ ամենաշատն էր ֆինանսավորում ստեղծագործող մարդկանց: Նրանք սողալով արժեզրկել են իրենց: Մեր մեծագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ ասում ենք` ո՞ւմ լսի հասարակությունը, իսկապես չկան այդպիսիք, ես ինքս` մտածում եմ ու չեմ գտնում գեթ մեկ անուն, ում մեր հասարակությունն այսօր կլսի»,- խոսքը եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: