Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիայի դիրքորոշումների վերջին մեղմացումը մեծ հավանականությամբ կարող է ընդամենն ուշադրություն շեղելու մանևր լինել։
Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևան կատարած այցից հետո հայտարարել է, որ եթե Հայաստանը չցանկանա բացել «Զանգեզուրի միջանցքը», ապա իրենք դեմ չեն, որ Նախիջևանի և Ադրբեջանի կապը լինի իրանի տարածքով, ընդ որում, ըստ Էրդողանի, Իրանից դրական ազդակներ են գալիս։ Իրանն այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն չի արել պաշտոնական մակարդակով, միայն խորհրդարանի հանձնաժողովներից մեկի նախագահը հերքել է էրդողանի հայտարարությունները, նշել, որ Իրանը որևէ կերպ մտադիր չէ աջակցել նման քաղաքականությանը, հատկապես Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի հարձակումից և Արցախը հայաթափելուց հետո, լուրջ վտանգը դեռևս պահպանվում է Զանգեզուրի համար, առավել ևս, որ Հայաստանի իշխանություններն իրենց հակառուսական դրսևորումներով կարող են սադրել, կամ ստիպել Ռուսաստանին որևէ կերպ չմիջամտել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիային, իսկ հավաքական Արևմուտքը մեծ հավանականությամբ ընդամենը կբավարարվի դատապարտման խոսքեր հղելով, առանց այն էլ արցախի հայաթափումից հետո Արևմուտքի այս պահվածքը բնավ էլ տարօրինակ չէր։
Ըստ էության, այսօր Հարավային Կովկասում Հայաստանի միակ դաշնակիցը, որ դեռևս մնացել է իր սկզբունքային դիրքորոշման վրա Իրանն է։ Տևական ժամանակ 44-օրյա պատերազմից հետո իրանական կողմը Փաշինյանին առաջարկում է համատեղ զորավարժություններ անցկացնել Հայաստանի տարածքում, սակայն Հայաստանի գործող վարչախումբը պարբերաբար մերժել է Իրանի առաջարկները և առանձնապես չի փորձում սերտացնել հարաբերություններն Իրանի հետ։ Հաշվի առնելով արտաքին քաղաքական վեկտորի՝ դեպի Արևմուտք թեքելու Փաշինյանի այս գործողություները, կարելի է վստահաբար նշել, որ այս քաղաքականությունը և Իրանի հետ հարաբերությունները չսերտացնելու Փաշինյանի քայլերը նպատակ ունեն հավելյալ քաղաքական դիվիդենտներ շահել Արևմուտքում։ Թե որքանով այդ հանգամանքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար դեռ վաղ է ասել։
Մոնիկա Սահակյան