Նարեկ Թումանյանը զորակոչվելուց 2.5 ամիս անց արդեն Հադրութում էր. Թշնամին անցել էր հարձակման ու 18-20 տարեկան տղաները պաշտպանում էին առաջնագիծը։
Չնայած սպասում էին, որ դեմ դիմաց կկռվեն թշնամու դեմ, բայց հետո հասկացան, որ անպաշտպան են՝ թշնամին երկնքից է հարձակվում։
30 օր Հադրութում կռիվ տալուց հետո նահանջի հրաման ստացան։ Քայլեցին մինչև Մարտունու շրջան, ապա տեղափոխվեցին Ասկերան։ Նոյեմբերի 5-ին հրաման են ստացել տեղափոխվել Շուշի։ Բերդաքաղաքն էլ ապահովություն չխոստացավ զինվորներին։«Մենք չգիտեինք, որ այդպես լարված է վիճակը։ Ընդհանրապես մեզ մինչև պատերազմը բացատրում էին, որ Շուշին ամենաապահով մասն է ամբողջ Արցախում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է զինծառայողը։
Մեքենաները չէին էլ հասցնում մտնել Շուշի, ճանապարհին կանգնեցնում էին ու ոտքով բարձրանում։ Երկու ժամ մարտեր վարելուց հետո հրաման են ստանում, որ մի փոքր նահանջեն։ Երկու օր անց, Նարեկը հրամանատարի հետ հայտնվել է շրջափակման մեջ։ Հրամանատարը զոհվում է մարտի դաշտում, ե
<
րբ հայերենին վարժ տիրապետող թշնամին մոլորեցրել է հայ զինվորների խմբին։«Ասում էին օգնություն է եկել, վիրավոր ունեք, եկեք օգնեք։ Մեզ շփոթեցնելով դեպի իրենց են կանչում, մեր վաշտի հրամանատարն էլ հավատում է, որ հայեր են ու առաջանում։ 10 մետրի վրա իրենք կրակեցին, նռնակներ նետեցին, առջեւից գնացող զինվորները ու սպաները զոհվեցին»,- պատմում է Նարեկը։
Թշնամին՝ մոտակայքում էր, օղակն աստիճանաբար փոքրանում էր, զինվորներն անընդհատ պակասում էին։ Իրավիճակն անկայուն էր դարձել։ Գրեթե անելանելի վիճակում էին հայտնվել։
Նարեկի պատմելով, անգամ ադրբեջանցիների հետ հանդիպումը թվում էր՝ վերջին կանգառն է , բայց նույնիսկ այդ ժամանակ կարողացան խուսափել սպառնացող վտանգից։ Հրամանատարի զոհվելուց հետո ժայռերի տակ են թաքնվել, որ խուսափեն հարվածներից։ Միակ ելքը անտառ մտնելն էր, որը ևս թիրախավորել էր թշնամին։«Հասկանում ենք, որ ուրիշ տարբերակ չունենք։ Եթե մեկ տոկոս շանս կա, որ կարող ենք փրկվել, դա անտառն է։ Ճանապարհին եթե մնանք, հաստատ չենք փրկվելու։
Խոսք էր տպավորվել, որ զինվորներից մեկը ասաց՝ հիմա եթե մտնենք անտառ, ու զոհվենք, մոռացեք մեր դիերը գտնելու մասին, ավելի լավ է մնանք ճանապարհին զոհվենք՝ բաց տարածքում, որ մեզ գտնեն, եթե մի բան լինի։ Մեր դասակի հրամանատարը մտնում է անտառ մեզանից առաջ, բայց մենք իրեն կորցնում ենք ու մեզ առաջնորդում են մեր սերժանտները»,- ասաց Նարեկը։