ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ իր երկիրը «շաբաթների ընթացքում» Ադրբեջանի կողմից ներխուժում է սպասում, գրում է Brussels Signal-ը։
Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա, կարծում է Տիգրան Բալայանը։
Brussels Signal-ին տված հարցազրույցում Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները դատարկ են։
«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է նա։
Հիմնական խնդիրն այն էր, որ նախագահ Իլհամ Ալիևը իր էքսպանսիոնիստական ծրագրերի համար մինչև հիմա չի առերեսվել որևէ կոնկրետ հետևանքի:
Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը անվանեց «հակաահաբեկչական գործողություն», Լեռնային Ղարաբաղը կապիտուլացվեց, որին հաջորդեց այնտեղ բնակվող ավելի քան 100 հազար հայերի զանգվածային արտագաղթը, նշում է լրատվամիջոցը։
Այժմ Հայաստանը պնդում է, որ նախագահ Ալիևը մտադիր է ավելին անել: Խոսքը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը բուն Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից։ Միաժամանակ Բալայանը բլեֆ է համարել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, թե իր երկիրը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի հետ կապված ծրագրեր չունի։
Նա վկայաբերել է նախագահ Ալիևի նախկին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը «շների պես կհետապնդի հայերին»։
«Reuters»-ը հաղորդում է նաև, որ Ալիևը վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Զանգեզուրը «պատմական ադրբեջանական հող է», նշում է լրատվամիջոցը։
Բալայանի կարծիքով, ԵՄ-ն Ալիևին պետք է վերջնաժամկետ տա Հայաստանի սահմանամերձ շրջանից իր բանակը դուրս բերելու և դադարեցնի ԵՄ-ի հետ Ադրբեջանի՝ առանց վիզայի համաձայնագրի գործողությունը, եթե նա չկատարի այն։ Նա նաև ասել է, որ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ազդանշան լինել»։