2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից Սիրակ Գևորգյանը ընդամենը 1 ամսվա ծառայող էր, երբ կռիվը սկսվեց։
Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Սիրակ Գևորգյանը ծառայության է անցել Արցախում՝ Ասկերանում, սակայն մարտական գործողություններին մասնակցելու համար մեկնել են Ակնա։ Սիրակը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմի մասին իրենց դեռ սեպտեմբերի 25-ին էին տեղեկացրել։ «Սեպտեմբերի 25-ին գնդին տագնապ տվեցին և շարահրապարակում ասացին՝ 2 օրից պատերազմ է սկսվելու, սա 90-ականների կռիվը չի լինելու, հեշտ չի լինելու։ Ասացին՝ պատրաստ եղեք, մի զանգեք տուն, այդ մասին ասեք, թող գա օրը, ձերոնք կիմանան։ Մոտ 40 րոպե գնդի հրամանտարը խոսեց կռվի մասին, թե ինչեր են մեզ սպասվում, մեկը կորչելու է, զոհվելու է, վիրավորվելու է, մեկից ընդհանրապես տեղեկություն չի լինելու․․․ Սեպտեմբերի 27-ին ես շուտ էի արթնացել, որ պատրաստվեի, 7։18 արկերը եկան, ընկան ճաշարանի վրա․․․ Նորմալ է, որ մասնակցում էինք կռվին, բայց նորմալ չէր, երբ թուրքը գալիս է վրադ, բայց ասում են՝ հրաման չկա, մի խփեք,ասում են՝ մտեք բուններդ, դա ի՞նչ արտահայտություն է։ Իրենք սնարյադ էին գցում մեզ վրա, ասում էին՝ դուք մի ուղարկեք, հրաման չկա։ Դա փաստացի նշանակում է, որ հողերը հանձնած է եղել»,- պատմեց Սիրակը։ Հոկտեմբերի 27-ին Սիրակը ուսի շրջանում վրավորում է ստանում և մինչ օրս բուժումը շարունակում է տարբեր բուժհաստատություններում։ Ասում է՝ սկզբում 2-րդ կարգ են տվել, բայց բոլորովին վերջերս այն փոխել են 3-րդ կարգ, ինչի հետ պատերազմի մասնակիցը համաձայն չէ, քանի որ ձեռքը դեռ լիարժեք չի ապաքինվել․ «Հոկտեմբերի 27-ին արկի բեկորից վիրավորվել եմ։ Ուսի խաղի մոտից ձեռքս կտրվել էր, ճկույթի հաստության կաշի և ջիլ էր պահել, հետ են հավաքել։ Հաշմանդամության խումբ ունեցել եմ 2021 թվականին, այն ժամանակ տվել են 5 միլիոն դրամ, հետո 2022 թվականին նորից անցել եմ բժշկական հետազոտություն, որի ժամանակ ասացին՝ տղա՛ս, դու լիովին առողջ ես։ Եթե ես առողջ եմ, ինչո՞ւ իմ ձեռքը լիարժեք չի աշխատում։ Միայն իմը չէ, շատ ընկերներ ունեմ, որ ոտքը կամ ձեռք կտրած է, բայց կարգը կտրում են, իջեցնում են։ Ո՞վ է որոշում, որ ոտքը կտրած մարդն առողջ է։ Իրենց նպատակն այն է, որ նորից 5 միլիոն դրամ չտան, գոհ եմ, մի տվեք, բայց իմ ձեռքն իդեալական սարքեք, մյուս տղայի կտրած ոտքը հետ տվեք․․․»,- ասաց պատերազմի մասնակիցը։ Սիրակը չի կարողանում մոռանալ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հիվադասենյակում բուժում ստացող տղաներից մեկը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա է ստորագրել․ «Այդ վիրավոր տղան գիշերը 3-ին ասաց՝ Սիրակ, մեր Նիկոլը հանձնել է հողերը, պայմանագիրը ստորագրել է, Շուշին էլ հանձնել են։ Գիշերը 3-ին այդ լուրը լսողը չեմ կարծում, որ հանգիստ կտաներ․․․»։ Ի՞նչ երազանք ունես․ հարցրիքն Սիրակին․ «Իմ երազանքն է, որ կանգուն երկիր, լավ Հայաստան լինի ու լավ ղեկավարներ։ Փառք Աստծո, նշանվել եմ, երազաքներիցս մեկն էլ դա է, որ ամուսնանամ, երեխաներ ունենամ, կապ չունի՝ տղա-աղջիկ, կարևորը երկրին պիտանի մարդ լինի»։ Մանրամասները՝ տեսանյութում։ © ORAGIR.NEWS