«Հրապարակ»-ը գրում է.
Օգոստոսին Հայաստանում անցկացեցին Համահայկական 8-րդ խաղերը, որին աննախադեպ թվով մասնակիցներ էին ժամանել: Եւ կազմակերպիչները, եւ մասնակիցները շատ գոհ են Խաղերի ընթացքից ու արդյունքներից: Ի վերջո, սփյուռքի հետ շփումների առումով, կարելի է ասել, միայն այս Խաղերն են պահպանվել անխաթար եւ շարունակվում են` որքան էլ որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը ոչ թե համախմբելու եւ սփյուռք-Հայաստան կապերն ուժեղացնելու ուղղությամբ է աշխատում, այլ պառակտելու:
Բայց Համահայկական խաղերից մոտ մեկ ամիս անց մեզ պատմեցին, որ խաղերին մասնակցող երկու թիմի միջեւ խնդիրներ են առաջացել, անգամ բանը հասել է ընդհարման:
Ըստ մեր ստացած տեղեկությունների, բախվել են Թուրքիայի եւ Հայաստանի Արմավիրի մարզի ներկայացուցիչները, Գյումրիում՝ ֆուտբոլի առաջնության օրերին: Թուրքիայի հայերը իրար հետ թուրքերեն են խոսել, քիչ հեռու կանգնած արմավիրցիները լսել են եւ դիտողություն արել. մեկն ասել է, որ հայը պետք է հայերեն խոսի, մյուսն ասել է, թեուրեմն մեր մասին եք խոսում, որ թուրքերեն եք խոսում, որպեսզի չհասկանանք: Այսպես
խոսքից-խոսք ու բանը հասել է կռվի: Տուժել են թե թուրքահայերը, թե արմավիրցիները: Վիճակն այնքան է լրջացել, որ թիմերից մեկին արագ տեղափոխել են Երեւան:
Փորձեցինք լուրը ճշտել ոստիկանությունից: Մեր հարցմանն ի պատասխան ոստիկանության լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ Գյումրիում նման միջադեպ արձանագրվել է: Եղել է միջադեպ հենց խաղի ընթացքում, որը հարթվել է հենց նույն օրը: Ոչ թե ահազանգ են ստացել այս դեպքի մասով, այլ պարզապես ոստիկաններ են եղել ներկա խաղի ընթացքում և դեպքին ականատես են եղել ու կանխել են հետագա սրացումը: