Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով «անհապաղ գործողություններ ձեռնարկել»՝ դադարեցնելու Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը։
«Մենք կոչ ենք անում արաբական և մահմեդական երկրներին և միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու մեր ժողովրդի դեմ իրագործվող հանցագործություններն ու բռնությունների շարքը», – շարժման հայտարարությունը մեջբերել է AFP-ն:
Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե պատրաստ է Գազայի հատվածում հնգօրյա հրադադարի դիմաց ազատ արձակել միայն «քաղաքացիական պատանդներին», մինչդեռ իսրայելցի զինվորները կմնան գերության մեջ՝ շարժման ձերբակալված անդամների հետ հնարավոր փոխանակման պայմանով։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել պատանդ վերցված բոլոր խաղաղ բնակիչներին, սակայն Իսրայելի մշտական հրետակոծությունները թույլ չեն տալիս, որպեսզի դա տեղի ունենա:
Ավելի վաղ, ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում շարժման քաղբյուրոյի անդամ, ՀԱՄԱՍ-ի արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը ևս հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ազատ արձակել բոլոր խաղաղ բնակիչներին։
«Մենք պատրաստ ենք ազատ արձակել բոլոր խաղաղ բնակիչներին, բայց մենք հստակ ասել ենք նրանց, որ տեղում պայմանները դա թույլ չեն տալիս»,- ասել է Մարզուկը ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, տարածաշրջանում տեղի են ունենում ինտենսիվ ռմբակոծություններ, ջարդեր և ավերածություններ, որոնք անհնարին են դարձնում ցանկացած անվտանգ տեղաշարժ։ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան հավելել է նաև, որ ռուս պատանդների ազատ արձակման վերաբերյալ Մոսկվայի խնդրանքներն ավելի ուշադիր է քննարկում, քան այլ երկրներինը։ Նա նշել է, որ իսրայելցիների մեծ մասը երկքաղաքացիներ են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fc8a52633fbf531785887c729144a286
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»