MediaHub-ը երեկ գրել էր, որ Դուբայում տեղացած հորդառատ անձրևների և ուժեղ փոթորկի օրը Աբու Դաբիից Երևան թռչող Vizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց։ Աբու Դաբիի օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքութ կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետևանքով օդանավը սկսել է անկում կատարել, կորցնել կառավարումը, մարդկանց մեջ սկսվել է խուճապ։
MediaHub-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից, ինչպես նաև նոր տեսանյութ է հայտնվել մեր ձեռքի տակ։
Նախ նշենք, որ օդանավում պետական պաշտոնյաներ են եղել, բացի այդ՝ Աբու Դաբիից այդ չվերթով Երևան վերադառնալիս է եղել Չարենցավանի պարի խմբերից մեկը։
Ծանր ու սթրեսային չվերթի ուղևորներից մեկը MediaHub-ին պատմեց, որ երբ իրենք օդ բարձրացան Աբու Դաբիի օդանավակայանից, եղանակն արդեն իսկ վատ էր, բայց ավիաընկերությունը որոշել է, որ կարող է թռչել այդ պայմաններում։ Օդ բարձրանալուց 10-15 րոպե անց, սակայն, օդանավը ենթարկվել է կայծակի հարվածի և սկսել անկում կատարել։
«Ժամը 5:15 եղել է մեր թռիչքի ժամը, մի քանի րոպե ուշացումով մենք բարձրացել ենք օդ, ու բարձրանալուց մոտ 10-15 րոպե հետո ինքնաթիռը սկսում է շատ ուժեղ թափ տալ․ մեզ ասացին, որ կայծակն է խփել ինքնաթիռին։ Դրանից ինքնաթիռի քթի հատվածը ներքև է իջնում, ու վառածի հոտ է ընկնում, ու մարդկանց էդ հոտն էլ է խուճապի մատնում։ Մոտ մեկ րոպե ինքնաթիռն անընդհատ թափ էր տալիս։ Դրանից հետո, մենք բարձրացանք ամպերից էլ վեր, պատուհանից նայում էինք՝ մուգ մոխրագույն էին ամպերը, իսկ էդ հատվածն անցնելուց հետո արդեն պարզ, մաքուր, ճերմակ ամպեր էին։ Այդ ժամանակ արդեն մոտ կես ժամ ինքնաթիռը նորմալ թռչում էր, ու կողքից ուղևորները իրար մեջ ասում էին, թե հետ ենք իջնում Աբու Դաբի։ Բոլորս չէ, որ անգլերեն հասկանում էինք, երբ օդաչուն խոսում էր, ու մենք իրար էինք հարցնում, թե ինչ ասաց։ Մեզ մոտեցան, ասացին՝ ապահով չէ Երևան վայրէջք կատարելը, պետք է հետ իջնենք Աբու Դաբի։ Ու էդ պահից սկսած՝ երեք անգամ օդանավն իջավ այդ մուգ ամպոտ հատվածը, ու ամեն անգամ, հենց իջնում էր այդ ամպոտ հատվածը, օդանավը էլի թափ էր տալիս, և երբ մարդիկ պատուհանից նայում էին, տեսնում էին՝ էդ ամպոտ հատվածում ենք, սկսում էին գոռալ, ճչալ, խուճապ առաջացնող ձայներ հանել»,- պատմեց մեզ ուղևորներից մեկը։
Նա նշեց, որ բորտ ուղեկցորդները, որոնք չորսն էին՝ երկու տղա, երկու աղջիկ, ուղևորներին սկզբից ասել են, թե օդում ևս մեկ ժամ պտույտ կկատարեն, հետո կիջնեն Աբու Դաբիի օդանավակայան, հետո ասել են՝ էլի երեսուն րոպե պիտի պտտվեն, հետո՝ ևս քառասուն րոպե, ու այդպես մոտ երեք ժամ մնացել են օդում։
«Վերջին անգամ, որ կանչեցինք, որ հարցնենք, ստյուարդեսան արդեն ուսերը թափահարեց ու գլխով հասկացրեց, որ էլ չի մոտենալու, ու ոնց որ հուսախաբ լինեիր, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ, երեք ժամվա չափ օդում անորոշ պտտվում էինք մենք, ու ոչ մի հույս չկար՝ բարեհաջող կիջնենք, թե ոչ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այդ մի քանի ժամը օդանավն օդում պտտվել է, որ վառելիքը սպառի և դատարկ բաքով կարողանա վայրէջք կատարել։
Նա նաև պատմեց, որ վայրէջք կատարելուց հետո իրենք իմացել են, որ բորտ ուղեկցորդներից մի աղջիկ վերցրել է հեռախոսն ու խոսել է օդաչուի հետ, վերջինս ինչ-որ ինֆորմացիա է իրեն տվել, որից հետո ինքը նստել ու սկսել է լացել, մյուս աղջիկը մոտեցել է նրան, տարել հեռու, որ ուղևորները չտեսնեն՝ ինչպես է բորտ ուղեկցորդուհին լացում, որ նորից խուճապ չսկսվի։
«Բայց ժողովրդի մեջ եղել են մարդիկ, որ լսել ու հասկացել են՝ ինչ է ասում այդ աղջիկը, ու ասել է, որ նավիգացիան կորել է, ու մենք պետք է օդում ինչ-որ ժամանակ պտտվենք։ Մեզ ասացին նաև, որ կայծակի հարվածից օդաչուի դիմապակին ճաքել էր, և ինչքան վերև էինք բարձրանում, էնքան դիմապակու ճաքը օդի ճնշումից ավելի էր մեծանում, դրա համար օդաչուն չէր կարող էդ վիճակում թռիչքը շարունակել դեպի Երևան։ Ես հետևի մասում էի նստած, ու մեզ մոտ այդքան խուճապային չէր վիճակը, ես մարդկանց ասում էի՝ «ժողովուրդ ջան, կարող է մենք ապրում ենք, պանիկա մի՛ արեք, որ վախից ձեր մոտ մի բան չառաջանա»։ Բայց օդանավի դիմացի հատվածում ահավոր վիճակ է եղել, ժողովուրդը հետո ասաց, որ իրենք ստուարդեսաներից էդ ամբողջ ինֆորմացիան պատահական, թե թաքուն, բայց լսել են ու հասկացել են՝ ինչ վիճակ է օդանավում, և որ պետք է անորոշ ժամանակ օդում պտտվենք։ Ու երբ օդանավի անիվները գետնին կպան, բոլորը ծափ էին տալիս, լացում էին»,- ասաց հրաշքով փրկված օդանավի ուղևորը՝ նշելով, որ այդ ամենի հետևանքով օդանավում նաև մարդ էր վատացել, ու բորտ-ուղեկցորդները հարցնում էին, թե բժիշկ կա՞ ուղևորների մեջ, որ օգնի։
Ի վերջո, օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է օդանավը բարեհաջող իջեցնել Աբու Դաբիի հին օդանավակայանում, որից հետո ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են նոր օդանավակայան, որտեղ անկազմակերպ վիճակ է եղել՝ ըստ մեր զրուցակցի․ «Պարի դպրոցի խումբ կար օդանավում, հիմնականում էդ խմբի ղեկավարներն էին խառնվել իրար, թե էս ժողովուրդը վախեցած է, ինչո՞ւ եք վազեցնում էս կողմ, էն կողմ, մարդիկ սոված են, իրենց վերջին փողը ծախսել է։ Ասացին՝ «ձեր տոմսերով գնացեք, էնտեղ անվճար սնունդ կտան», բայց մաքսիմում բանը, որ վերցրել ենք՝ ջուրն էր»։
Որոշ ժամանակ օդանավակայանում մնալուց հետո՝ ցերեկը 15:30 Wizz Air-ի մեկ այլ օդանավով վերադարձել են Երևան։
Մեր ձեռքի տակ է հայտնվել օդանավում տեղի ունեցածից նոր կադրեր, որոնք կարող եք տեսնել այստեղ։
Վահե Մակարյան