ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակման անցավ Հայաստանի Հանրապետության դեմ:
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ։
Արդեն 2022 թվականի նոյեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը երեք հարձակումների արդյունքում օկուպացրել է Հայաստանի մոտ 140 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։
Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով օկուպացված են ՀՀ մաս կազմող 40-45 քառակուսի կիլոմետր տարածք:
«2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք»,- մարտի 24-ին Ազգային Ժողովում նշել էր Արարատ Միրզորյանը: Դա հակասում էր Փաշինյանի նշած թվին:
Մեկ տարի անց, ոչ ոք արդեն որևէ թիվ ու բառ չի ասում ՀՀ օկուպացված տարածքների մասին, ոչ ոք չի խոսում ՀՀ-ի դեմ սանձազերծված լայնամասշտաբ գործողություններից, ոչ ոք չի խոսում, որ մենք երկու օրվա մեջ ավելի քան 200 կյանք ենք կորցրել…
Ինչո՞ւ, հավանաբար, որ չխաթարվի «խաղաղության» կեղծ, անբովանդակ ու վտանգավոր օրակարգը: ՀՀ օկուպացված տարածքների թեման արագորեն դուրս եկավ օրակարգից, որովհետև անգամ Արցախն ու ՀՀ-ն Իրանին ու ՀՀ-ն Վրաստանին կապող միջպետական ճանապարհները զիջելու դիմաց Փաշինյանը չի կարող հարկադրել Ալիևին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից:
Դրա համար թեման արագորեն մոռացվում է: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի բանակցային ունակությունների և «ձեռքբերումների» մասին:
Ցավակցում եմ մեր զոհերի ընտանիքներին ու հարազատներին: Ցավում եմ մեր երկրի համար, որ նման ղեկավարություն ունի, որի ամեն քայլ միմիայն մեծացնում է հակառակորդի ախորժակը՝ ավելի մեծացնելով մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքները»: