սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղմասի (Չորրորդ գյուղ) առաջին փողոցի տներից մեկում ծեծված քաղաքացի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկնանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկում հարձակման է ենթարկվել նույն տան բնակիչը՝ 60-ամյա Ա. Հ.-ն:
Տարածքը պարեկներ Նորիկ Մանուկյանի և Մարտուն Պետրոսյանի կողմից սահմանազատվել է և տեղում իրականացվել է հերթապահություն, մինչև ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մի քանի հոգով հարձակվել են տան վրա ու ծեծի ենթարկել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդուն: Մի մասն էլ նշում էին, թե տեղի է ունեցել ավազակային հարձակում: Այդ ամենը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/09/14/1246247