Այսօր՝ ապրիլի 20-ին, դաժան ու սահմռկեցուցիչ սպանություն և ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, պարանոցի մասը կտրած վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 63-ամյա Նաիրա Մ․-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կամրջից իրեն ցած նետած քաղաքացին Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Գ․-ն է, ով Ավանում սպանված կնոջ որդին է։ Ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ տղան սպանել է մորը, ապա եկել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել։