Հայաստանում, հատկապես Երևանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր կյանքի գնով պայքարում է կոռուպցիայի և անարդարության դեմ, իսկ հակառակ կողմում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Երևանի քաղաքապետարանում հատկապես ճարտարապետության, քաղաքաշինության ոլորտի չինովնիկները, հաճախ կամ ձգձգում են, կամ ուղղակի չեն տալիս համապատասխան շինթույլտվությունների որոշումները և քաղաքացին կանգնում է լուրջ խնդրի առաջ։ Մինչև պաշտոնյան իր քմահաճույքով որոշում է տալ, կամ չտալ շինթույլտվությունը՝ քաղաքացին այդ ընթացքում սկսում է կատարել բանկից վերցրած գումարների մարման պարտավորությունները։ Իսկ դա արդեն նոր բիզնես սկսող մարդու համար դառնում է լուրջ գլխացավանք և անարդյունավետ ծախս։ Ստացվում է, որ գործարարը կամ սովորական քաղաքացին անպատասխանատու պաշտոնյայի կամայականության պատճառով բիզնեսը չսկսած արդեն տուժում է։ ԱԱԾ տվյալներով, Երևանի քաղաապետարանում ստեղծված ճարտարապետների մի խումբ կա, որոնք մերժում են բոլոր այն դիմումները, որոնց համար կաշառք չեն ստանում, իսկ հազար անգամ սխալ կազմված փաստաթղթերով դիմումները, եթե կաշառքով է, հաստատվում է, և ավելին, իրենք իրենց ճարտար լեզվով արդարացնում են։ Ավինյանի ստեղծած ճարտարապետների այդ խումբը կարող է Օպերայի այգում 34 հարկանի շենքի շինթույլտվություն տա և դա համարի իդեալական լուծում, բայց նույն այդ խումբը մերժի Մալաթիայի անմարդաբնակ մի հատվածում 12 հարկանի շենքի շինթույլտվությունը։ Դա է պատճառը, որ ամեն քայլափոխի մենք տեսնում ենք աբսուրդ թույլատվություններ տեսնում ենք ազնիվ մարդկանց, որոնք մերժվում են։ ՀՀ վարչապետ պարոն Փաշինյան, մենք գիտենք, որ դուք ազնիվ եք, բայց ձեզ ուզում ենք ասենք, որ ԱԱԾ-ն զբաղվի նման երևույթներով, ի վերջո Ապագա կա Ապագան, Տիգրան Ավինյանի թեթև ձեռքով դարձավ կոռուպցիա կա կոռուպցիա։ Ավելին, լինում են դեպքեր, երբ չինովնիկները շահադիտական նպատակներով բավական արագ դրական որոշումներ են կայացնում իրենց մտերիմների համար, կամ նրանց համար, ովքեր բավարարել են տվյալ չինովնիկների անձնական շահերը։ Իսկ սա արդեն նշանակում է, որ որոշ չինովնիկներ պետության շահերը սպասարկելու փոխարեն, զբաղված են նախկին կոռուպցիոն սխեմաների սպասարկմամբ։ Հենց այս միջին օղակի պաշտոնյաներն են իրենց վարքով ու կամայականություններով հարվածում ընդհանուր իշխանության և ինչու չէ նաև պետության վարկանիշին, այլ կերպ ասած` հենց այս օղակի պաշտոնյաներն են դավաճանում իրենց վերադասներին, զրկում երկրին լրացուցիչ հարկերից, առաջընթացից, խոչընդոտում համայնքների զարգացումը։ Իշխանության բարձրադիր օղակներն այս առումով բավական մեծ աշխատանք ունեն անելու և չպետք է աչքաթող անեն այն խայտառակ վիճակը, որն արդեն արմատավորվել է տեղական ինքնակառավարման մարմիններում։ Անպատասխանատու պաշտոնյաները ոչ միայն չպետք է տեղ զբաղեցնեն կառավարման համակարգում, այլև խստագույնս պետք է պատժվեն, հակառակ պարագայում` նախկին արատավոր բարքերի վերակենդանացումը վերջնականապես կհիասթափեցնի քաղաքացիներին, գործարարներին, որոնք փորձում են իրենց ներդրումներով աջակցել պետությանն ու իշխանությանը։