Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգձգում, նոր սպառազինություն է գնում Ֆրանսիայից, Արևմուտքից․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ։

«Հայաստանը գիտակցաբար ժամանակ է ձգձգում, նոր սպառազինություն է գնում Ֆրանսիայից, արևմտյան երկրներից ու այլ կողմերից, իր տարածքում զորավարժություններ է անցկացնում երրորդ երկրների հետ»,- ասել է նա:

Ըստ Ալիևի՝ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում տևական խաղաղության ձեռքբերմամբ:

Նա կրկնել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ ասելով. «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն, և Սահմանադրությունը պետք է փոխվի»։Ալիևն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ գոյությանը՝ նշելով, թե Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի պահպանման վերաբերյալ տարակուսանք է առաջացնում․ «Եթե հակամարտությունն ավարտված է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին, ի՞նչ անհրաժեշտություն կա Մինսկի խմբի գոյության մեջ, որն արդեն կորցրել է իր արդիականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ վերացվեն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *